
Մարշուտկանները գալիս են, մարդիկ
59-ի հերթն էլ հասավ: Նստելու տեղ էլ կա: Դուռը բացում էի, մոտեցավ մի "ծյոծկա".
-Կոմիտաս գնու՞մ է:
-Գնում է:
Բացեցի դուռը, նստեցինք: Հարցնում է վարորդին.
-Կոմիտաս մինչև վե՞րջ է գնում:
-Գնում է,-պատասխանեցին:
Գնացինք:
-Երաժշտությունը անջատե՛ք: Դցք,դցք.. էտ ի՞նչ է:
-Երաժշտությունը անջատե՛ք կամ փոխե՛ք:
-Դցք,դցք... դա երաժշտություն չէ:
Կամաց երաժշտություն էր, սովորական դցք,դցք ու երևի ռադիո էր, ուղղակի կողքից միացրած:
Վարորդը փոխեց երաժշտությունը: Ռուսական չհաջողված «բլատնո» : Տիկինը էլի դժգոհ էր: Ուղևորներից մեկը հարցրեց, թե նա ինչ է ուզում, թող ասի դա միացնի վարորդը: (Բայց վարորդը D՞J է )
- Դե արդեն պարզ է իրա ռեպեռտուառը. ոչ մի երաժշտություն էլ պետք չէ, թող անջատի:
Այդ խոսքի վրա մարշուտկայի մեջ սկսեց հնչել Հարութ Փամբուկչյանի զրնգուն, հոգեցունց ձայնը: Ինքնավստահ, գոռոզ տիկինը մի վարկյանում դարձավ նուրբ, խոցելի մի տիկին, ով հուզված աչքերով պատուհանից դուրս էր նայում, ու , երևի, իր աչքի առաջ, հոգու նուրբ լարերի վրայով անցնում էին իր երիտասարդ օրերը:
-Մորքուրը գո՞հ է, վերջապես խոսեց վարորդը, - հը՞ն, մորքուրը գո՞հ է:
Տիկինը լուռ էր: Մոտ 2-3 րոպե հետո կիսաձայն, հուզմունքը հազիվ թաքցնող դողդողացող ձայնով ու ստիպված որևէ բան ասելու համար անտարբեր տոնով շշնջաց դիմացի նստած կնոջը.
-Ճաշակի բարձրակետն է սա:
Արդեն իմ կանգառում էի:
Comments
Post a Comment