Ես` շրջանավարտ

Հենց հիմա կանգնած եմ կյանքիս բեկումային փուլում... Ընդամենը մի օր ու այնուհետև իրականությունը դառնում է հիշողություն, իսկ ապագան, որի մասին միշտ խոսում էի շատ հեռու ապագայի մասին ընդամենը մի օրվա ընթացքում դառնալու է ներկա իրականություն : Մի տեսակ մեծավարի ու ավելի սառն եմ ուզում հաղթահարել այս անցումային շրջանը:
Չէ՞ որ հենց նույն զգացումներն եմ ունեցել սկսած մանկապարտեզս ավարտելիս: Ինձ արդեն մեծ  ու շատ կարևոր մարդ էի  համարում.արդեն դպրոց պիտի գնայի:
Հետո դպրոց... առաջին 3 տարիներն ավարտելիս, երբ ամառային արձակուրդներից հետո պիտի փոխադրվեի 4րդ դասարան իսկական սուգ էր իմ համար: 3 ամիս լացել եմ ու ստեղծագործել: Բանաստեղծություններ էի գրում իմ առաջին ուսուցչուհու մասին ու վախով պատկերացնում, որ 1 ուսուցչուհուն փոխարինելու են "1000 ուսուցչուհի":  Մի տեսակ ամեն ինչ շատ խորն էի տանում, ու ամփոփվում էի դրա մեջ: Մի դրվագ հիշեցի: Երբ 4րդ դասարան էինք, ուսումնական տարվա 1-ին օրը, մեր 1ին ուսուցչուհին նախքան իր առաջին դասարանցիներին ողջունելը, մտավ մեր նոր դասարան մեզ շնորհավորելու: Ու երբ ուզեց դուրս գալ արդեն, դասարանի կողպեքի հետ խնդիր էր եղել, դուռը փակվել էր: Էրեխեքով ուրախացել էինք, որ Ընկեր Համբարյանը մեր դասարանից չի հեռանա:
Հիշում եմ, թե ինչպես 4րդ դասարանում հայոց լեզվի ժամին լացեցի: "Իմ առաջին ուսուցչուհին" (եթե չեմ սխալվում այդպես էր վերնագիրը) շարադրությունից 4 էի ստացել: Չէ, ես 4-ի համար չեմ լացել: Գնահատականի, այդ անխոս թվերի համար անկեղծ եմ ասում, երբեք չեմ տխրել: 4 գնահատականի ներքևի տողում գրված էր, որ շարադրությունը ես չեմ գրել, ու որ ինքնուրույն գրեմ... նման տիպի մի բան.... Ախր ես էի գրել, ո՞նց չի հասկացել իմ  նոր ուսուցչուհին: Ու հիմա` տարիների հեռվից երբ նայում եմ ու վերլուծում "նոր ուսուցչուհու" դասերը, դրանք յուրաքանչյուր աշակերտի համար խոսքի ազատության, ինքնաարտահայտման, ինքնաճանաչման, ազատ քննադատության, մտքերի ազատ փոխանակման դասաժամեր էին: 4րդ դասարանիս առաջին շարադրության ներքևում գրված այդ անհասկանալի բառերի պատճառով երբ լացում էի, մտքովս չէր էլ անցնում, որ Ընկեր Չոփիկյանն է լինելու դպրոցական տարիներին գրած իմ բոլոր ստեղծագործությունների առաջին ընթերցողը, խմբագիրը, նուրբ քննադատն ու խորհուրդ տվողը: Ինչքա~ն բաների համար եմ Ձեզ շնորհակալ, Ընկեր Չոփիկյան.....
Հետո ավարտեցի դպրոցը ու հազարավոր մարզաբնակ շրջանավարտների նման տեղափոխվեցի Երևան ԲՈՒՀ-ում սովորելու համար: Ու այդ 3 տարիներն իմ ձեռքբերումների հետ քայլերի տարիներն էին: 1-ին կուրսում ամենօր թաքուն լացում էի, թե ինչու ես պիտի ապրեմ ընտանիքից հեռու, իսկ Երևանցի ուսանողն իր ընտանիքում... ու գիշերը միշտ երազումս տեսնում էի մեր դպրոցն ու դասատուներին ու հետո առավոտյան մի տեսակ "դասախոս" կոչումից կուրացած մարդկանց հանդիպում, ովքեր ուսանողին ռոբոտ դարձնող մեծ վարպետներ էին...
Հետո արդեն ձգտումների, երազանքների իրականացման պայքարի փուլն էր: Ագրարային համալսարանում գործող Ագրոբիզնեսի Ուսուցման Դեպարտամենտ ATC ուզեցի դիմել, ու չընդունվեցի: Այդ փաստից շատ չտառապեցի, որովհետև մի տեսակ ուզածին չհասնելու փաստը սովորական էր իմ համար դարձել: "Ոչինչ, էլի կարող եմ դիմել", -ասեցի ու լռեցի:
Ու այդ օրվանից մի քանի օր հետո, երբ  նաև իմ վերջին զանգի տարելիցն էր... դա եղավ իմ կյանքի հենց այն շրջադարձը, երբ իրոք հասկացա, որ մանկությունը վաղուց ավարտվել է ու ես էլ դեռ պատանի չեմ.... դա ողբերգական օր էր, որի մասին կլռեմ ու կանցնեմ առաջ...
Ու մի տարի հետո ընդունվեցի ATC, որը մի տեսակ այլմոլորակ էր: Երբ համեմատում էի Ագրարային համալսարանի հետ ու գիտակցում էի նրա արժեքը, չնայած ծանր դասերին ու դժվարություններին, չէի ուզում, որ այն ավարտվեր: Բայց արի ու տես ուղիղ մեկ օրից ես ստանալու եմ բակալավրյատի դիպլոմը.... Վերջին պետական քննության ժամանակ ոչ մի կերպ չէի ուզում  նստարանից ելնել . դա վերջին րոպեներն էր, որ ես որպես ուսանող իրավունք ունեի նստելու այդ աթոռին... Հիմա, երբ մտնում եմ ATC, ինչքան էլ, նյարդայնացած լինեմ գրաֆիկների խախտման կամ անհամապատասխանության կամ էլ եսիմ ինչի պատճառով, ջերմություն եմ զգում. բառերով չեմ կարող նկարագրել:
Վերջին 2 ուսումնական տարիներս այնքան հագեցած ու արդյունավետ էին, որոնք ծածկեցին, իրականում, իմ կորցրած 3 տարիները,  բացի բուն առարկաներից սովորեցրեցին պայքարել, ձգտել, հավատալ ու դժվարություններից չվախենալ:
Երբ հետ եմ նայում ու տեսնում,  ինքնամփոփ, պարփակված ու մենակյաց Սիրուշիկին, ով ապրում էր իր երազներով ու իդեալներով, արդեն պատկերացնում եմ, թե ինչպիսի ինքնավստահ, համարձակ քայլերով է այս ուժեղ, համառ Սիրանույշը բարձրանալու բեմ` ստանալու դիպլոմները: Թե Ագրարային համալսարանի կողմից տրվող դիպլոմի, թե Texas A&M համալսարանի կողմից տրվող սերտիֆիկատի միջուկներն իմ համար ծանրաբեռնված են լինելու ոչ թե գնահատականներով, այլ իմ այսօրվա ինքնավստահությամբ, ոչ թե երազելու, այլ երազանքը իրականություն դարձնելու մեծ մղում ունեցող ոգով, հավատով. հավատ այն ամեն ինչին, ինչ անում եմ ու ուզում, կյանքի թատերաբեմում իմ համեմատաբար ուժեղ կերտվածքով....
ATC-ն ինձ տվել է ավելին, քան ֆինանսի ինչ-որ անհիշելի բանաձև, միկրոի թե մակրոի ահավոր խառը գրաֆիկ կամ էլ այն ատելի հարցի պատասխանը, հարց, որն ինձ տրվել է 2 անգամ ու նույն մարդու կողմից "What is bank?".......

Comments

  1. Ցանկանում եմ քեզ բազում հաջողություններ Սիրանույշ ջան...

    ReplyDelete
  2. Մի տեսակ ավելի ուժեղ ու համարձակ մարդու կերպար եմ տեսնում իմ մեջ: Դրա համար հաջողությունների առումով բավականին ինքնավստահ եմ: Շնորհակալ եմ բարեմաղթանքի համար :)

    ReplyDelete
  3. ապրես,դու շատ լավն ես

    ReplyDelete
    Replies
    1. Սիրանույշ ջան, ես նոր ծանոթացա բլոգին, խատ հաճելի էր ընթերցելը ու հաջողություն եմ ցանկանում:
      Իսկ ավարտելու կապակցությամբ շնորհավորում եմ և երկու բան եմ ցանկանում`
      1. մի քիչ փառասեր եղիր, որ կյանքում որևէ բանի բոլորից շատ ձգտես ու հասես
      2. Կյանքում մի հանձնվիր, ով ոնց ուզումա թող ասի, կամ անի, երբեք մի հանձնվիր

      Delete
    2. Շնորհակալ եմ ընթերցելու ու մաղթանքների համար: Այ, թե փառասիրության առումով արդեն մտածել է պետք :D
      Ի դեպ, Ձեր բլոգն էլ շատ հետաքրքիր էր: Առավել ևս, որ իմ մասնագիտական հետաքրքրությունների սահմանում է :D

      Delete

Post a Comment