Կիկին

- Բարև: Ես Կիկին եմ: Հա, ի՞նչ կա որ. շները, թութակները, կռիսներն անուն կարող են ունենալ, ու իմ նման սարդը՝ աշխարհի ամենասիրուն սարդն անուն չի՞ կարող ունենալ: Ցանկացած երեխա իր մամայի համար աշխարհում ամենասիրունն է: Ես էլ մամա ունեմ, ուրեմն ես աշխարհի ամենասիրուն սարդն եմ: Մամայիս չեմ տեսել, բայց փոշիները պատմել են, որ նա ապրում է դրսում՝ բնության գրկում, ծաղիկների ու թփերի արանքում, ոչ թե իմ նման . . . Ես չգիտեմ, թե ինչպես եմ հայտնվել այս քարերի ու հատակապատա .... (էն բառն էլի, որ մարդիկ ասում են ուրիշ լեզվով, որ իրանցը չի ու դրանից ուրախանում են) ՝ պլենդուզի վրա:
Սենյակի անկյունում (պլենդկուզկայի ու սեղանի ոտքի արանքում) սկսվում ու սահմանափակվում է իմ աշխարհը: Շա՜տ փոքր տարածք է, բայց բայց դա միայն թվում է: Պատերը մի՜շտ սառն են, արևի մասին լսել եմ, ես զգում եմ միայն նրա լույսը ու դրա համար ես երջանիկ եմ: Օրինակ, իմ եղբայրն ապրում է հատակի մյուս կողմում, որն իր համար առաստաղ է: Այնտեղ միշտ մութ է ու հաստատ լույս չի տեսել:
Տան պատերի, հատակապատապլենդուզի ու սեղանի ոտքի արանքում իմ թագավորությունն է: Ես դրանով հպարտանում եմ ու շատ եմ սիրում: Ես այստեղ եմ ապրում, լույս տեսնում, շնչում, սրտիկս այստեղ է տրոփում, այստեղ եմ իմ պատմությունը պատմելով ոստայնս գործում: Թագավորությանս անունը Կիկիդուզ եմ դրել: Կիկին ես եմ, դուզն էլ՝ պլենդուզի վերջին մասն է:

Կիկիդուզում ապրելն իրոք շա՜տ հեշտ է: Իմ հարևանությամբ ապրում են միայն փոշիները: Ճիշտ է, նրանք միշտ վատ բաներից են խոսում, բայց ես սիրում եմ նրանց, որովհետև էլ ուրիշ հարևան չունեմ:
Այստեղ այնքան շատ բան կա, որ սիրում եմ: Անգամ սառը պատերին եմ սիրում, որ բաժանել են ինձ բնությունից, արևի ջերմությունից, ու գուցե մամայիս փնտրելու հնարավորությունից: Հատակն էլ եմ սիրում, որ բաժանում է ինձ ու եղբորիցս: Հա, սիրում եմ, որովհետև
եթե նրանք չլինեին, ես չէի կարողանա այս բառերն իրար կապելով իմ ոստայնը գործել: Եթե իմ ոստայնը չգործեմ՝ ես ապրելու տեղ չեմ ունենա ու կմեռնեմ: Մարդկանց նման չեմ: Ես սիրել գիտեմ:
! Թող, ով կպնի այս ոստայնին, գոնե մի րոպե սիրի:
Ես շատ եմ սիրում աշխարհի ամենալուսավոր, ամենաջերմ, ամենասիրառատ ու ամենամեծ սարդոստայնը՝ Կիկիդուզը ու այն ամենն ինչ շրջապատում է նրան:
Կիկիդուզն այսքան լավն է, տաք ու լուսավոր, որովհետև ես սիրում եմ այն:
Կիկիդուզն աշխարհի ամենամեծ տարածքն է, որովհետև ես գիտեմ երազել. երազանքները խոչընդոտները վերացնելու կախարդական հատկություն ունեն: Օրինակ, երազանքներիս օգնությամբ ես կարող եմ հայտնվել մամայիս գործած սարդոստայնի վրա: Փոշիներն ասում են, որ այդպես անգամ մարդիկ են իրար ամու՜ր-ամու՜ր ու անկեղծ գրկում...
Վա՜յ, թելս կտրվեց ու ինչ-որ մի տեղից կապել է պետք: Փոշեկուլ: Փոշեկու՞լ: Փոշեկուլն ի՞նչ է:
Հիշեցի, դա մարդկանց գործիքն է, որով հավաքում են սարդերին ու փոշիներին ու չգիտեմ ինչ են անում նրանց: Մարդկանց կյանքի նման է: Երբ մահը փոշեկուլի նման գալիս տանում է նրանց. նրանք էլ պոկվում են իրենց բառերով գործած ոստայններից, գնում են ուրիշ տեղ ու ոչ ոք չգիտի թե ուր: Փոշեկուկն ու մահը իրար հոմանիշ բառեր են:
Այս ի՞նչ պատահեց:
-Է հե՜յ, փոշիներ, այդ ու՞ր եք գնում առանց ինձ հրաժեշտ տալու:
Ի՞նձ ել են տանում: Սպասեք, ես իմ սիրելի Կիկիդուզից չեմ ուզում հեռանալ: Թողեք ինձ, խնդրում եմ, ես ձեզ էլ կսիրեմ:
Աշխարհի ամենասիրուն սարդը Կիկին է: Նա ապրու՜մ է: Ես շա՜տ եմ սիրում իմ բալիկին:
-Մա՞մ: Ի՜նչ երջանիկ եմ, որ գրկում եմ քեզ քո բառերով գործած սարդոստայնի վրա:
Շնորհակալություն քեզ փոշեկուլ: Ես սիրում եմ քեզ: Դու շա՜տ լավն ես, քան մյուս սարդերն ու փոշիները կարծում են: Խնդրում եմ, մարդկանց փոխանցիր, որ երազանք ունենալը շա՜տ քիչ է,  պետք է կարողանալ երազել իմ նման: 

Comments