Ես հավատում եմ


Ցանկացած մարդու մոտ կյանքում էլ կան բեկումային տարիներ, իրադարձություններ: Իրականում ոչ թե տվյալ տարուց կամ իրադարձությունից է կախված, որ հետո փոխվում է մեր կյանքը, այլ մեզանից: Սկսում ենք ինչ-որ նոր բաներ սովորել, ինքնավստահ դառնալ, կամ էլ հաղթահարել բարդույթներ, որ մինչև այդ ունեցել ենք: Այդ ամենից հետո մի տեսակ թարմություն ես զգում, ու թվում է, թե կյանքդ փոխվել է այդ բեկումային իրադարձությունից հետո:
Դե, այդպիսի իրադարձություն այս տարվա ընթացքում աշխատանքի ընդունվելս էր: Այս ամիսների ընթացքում հասունացա, հղկվեցի: Հետո էլ ընդունվեցի Երիտասարդ Առաջնորդների Դպրոց: Երբ հաստատ համոզվեցի, որ ընդունվել եմ, հենց այդ վայրկյանին հասկացա, որ եթե հավատում ես, ուրեմն դա իրականանում է: (Հիշում եմ, երբ կարդում էի անունս չէի գտնում ընդունվածների ցանկում: Բայց ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ էի ու 4րդ անգամ կարդալուց հետո միայն նոր նկատեցի անունս: ) Առաջին բարդույթն իմ մեջ հաղթահարվեց: Ինքս իմ հանդեպ հավատը դարձել է իմ ամենահարազատ ուղեկիցը կյանքում:
Ու հետո սկսվեցին կյանքիս ամենազբաղված օրերը: Էնքան զբաղված, որ նույնիսկ չեմ հասցրել գրել իմ նպատակների նամակը, որը բացելու ենք դեկտեմբերին:
Երբ կարդացի  դպրոցի տնօրենի հիշեցնող գրությունը ֆեյսբուքում, սթափվեցի: Հետո փորձեցի հիշել ինձ ու իմ նպատակները աշնան սկզբին ու համեմատել ինչ եմ արել:
Երբ ընդունվում էի Առաջնորդների դպրոց, գրավոր քննության ժամանակ գրել էի իմ երազանքի մասին: Իմ երազանքն է իմ հարազատ Արթիկ քաղաքի բնակչությունը լինի օպտիմիստ ու ակտիվ: Ուզում եմ, որ, հատկապես, երիտասարդությունը չփախնի քաղաքից՝ասելով ‹‹Ի՞նչ կա Արթիկում››:  Հենց այդ նպատակով երազում էի ունենալ հասարակական կազմակերպություն, IT ոլորտի հետ կապված դպրոց.... կոնկրետ չեմ հիշում թղթին ինչ եմ հանձնել, բայց ամեն ինչ ընդամենը մի բանի համար է՝ իմ երազանքի: Ու ես հավատում էի, հավատում եմ, որ Արթիկը դառնալու է ամենահետաքրքիր ու ակտիվ քաղաքը:
Ու այսօր Արթիկն ինչպիսի՞նն է:
Հանակարծ մի օր facebook-ում իմ բացած Արթիկ խմբում նկատեցի նորությունը՝ Արթիկը Հայաստանի Հանրապետության լավագույն քաղաքային համայնքն է: Ուրախանալուց բացի այդ լուրը պարտավորեցնող էր իմ համար՝ որպես արթիկցի: Հենց այդ նորությունն էլ դարձավ խթան, որ սկսեմ բարձրաձայն խոսել իմ ցանկության մասին: Ողջունեցին գաղափարս: Շատ շուտով գործի ենք անցնելու ու ջանք չենք խնայելու Արթիկ քաղաքը պատշաճ ձևով ներկայացնել համացանցում:
ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, որ շատ շուտով  հարազատ քաղաքս ու քաղաքի կյանքը կօնլայնացվի, կխոսվի նրա մասին ու կներկայացվի Արթիկի դեմքը: ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, որ դա լինելու մեծ խթան մեր համաքաղաքացիների համար, որպեսզի լինեն պրոակտիվ ու թեկուզ փոքրիկ միջոցառումներով նպաստեն քաղաքի ակտիվացմանը: ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, որ երազանքս իրականացնելու եմ : 
 
Հավատալու անհրաժեշտություն չկա, արդեն առաջին քայլերն արված են: 


Comments